Պրոֆեսոր Իսրայել Չարնին, որ մարդու իրավունքների հավատարիմ պաշտպան է, խոստովանում է, որ Իսրայելը արյունոտ դերակատարություն է ունեցել հայերի սպանության գործում: Երուսաղեմում Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Չարնին կտրուկ մեկնաբանություն է տվել իսրայելական Haaretz թերթին` «Կվաճառե՞ր Իսրայելը օգտագործված անօդաչուն Հիտլերին» վերնագրով:
«Եթե նացիստները հրեաներին չկոտորեին և միայն կոտորեին գնչուներին ու Եհովայի վկաներին, մեր երկիրը զենք կվաճառե՞ր նացիստներին: Իսրայելը միլիարդ դոլարների զենք է վաճառել այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել խաղաղ ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական անօդաչուն Լեռնային Ղարաբաղում 6 հայերի մահվան պատճառ է դարձել: Ես ամաչում եմ: Իմ հայ գործընկերներին և ընկերներին միայն կարող եմ ասել, որ որպես հրեա և իսրայելցի` ես հիասթափված և բարկացած եմ»,- գրել է իսրայելցի պրոֆեսորը` հիշեցնելով նաև, որ 100 տարի առաջ հայերը զոհ են դարձել ցեղասպանության, ինչպես և հրեաները: